Վաթսուն դար առաջ հայն այստեղ քար ու մետաղ է մշակել, կառուցել բերդեր ու կոթողներ այն նախապատմական ժամանակներում, որոնք բաբելոնյան աշտարակի ու եգիպտական բուրգերի կառուցման օրերից հեռու էին նույնքան, որքան Քրիստոսի օրերը մեր ժամանակներից: Լոռվա հնամենի հողում հայոց սերմը հարուստ բերք է տվել. պետական ու հասարակական գործիչներ, զորավարներ ու զորահրամանատարներ, գիտնականներ ճարտարագետներ, գրողներ ու բանաստեղծներ, մարզիկներ ու երաժիշտներ: Զաքարյան եղբայրներից ու Լոռվա մելիքներից մինչև Միկոյան եղբայրներ, Թումանյանից մինչև Մաթևոսյան. մեծ լոռեցիների շքերթի արմատները խորանում, կորչում են պատմության ընդերքներում, իսկ ճյուղերը ձգվում են դեպի հավերժություն:
Լոռին հարուստ է հայի ձեռքով կանգնեցված քաղաքակրթության կոթողներով. Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր՝ համայն մարդկության պատմամշակութային ժառանգության մաս են այլևս: Մարդու ոգու, ստեղծագործ մտքի ու հավատի այս ձեռակերտ հուշարձանները դարեր առաջ Լոռին դարձրել են հոգևոր, քաղաքական և մշակութային կենտրոն:
Բնաշխարհը
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքով են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը՝ Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Հարուստ է նաև հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները:
Տնտեսությունը
Լոռու մարզն ունի արդյունաբերական հզոր անցյալ և մեծ պոտենցիալ: Մարզում գործում են արդյունաբերական բոլոր ճյուղերը ներկայացնող ձեռնարկությունները: Առավել զարգացած է հանքարդյունաբերությունը: Մարզում զարգացած է նաև գյուղատնտեսությունը: Որպես տնտեսության այլընտրանքային ճյուղ՝ մեծ ուշադրություն է դարձվում տուրիզմի զարգացմանը:
Մարզկենտրոնը՝ Վանաձոր Տարածքը՝ 3798 կմ² Բնակչությունը՝ 234700 Համայնքների ընդհանուր թիվը՝ 113 Քաղաք. համայնքներ՝ 8 Գյուղ. համայնքներ՝ 105 Քաղաք. բնակչությունը՝ 58,46 %
